ԱՄՆ առեւտրի նախարարության արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն (BIS) հրապարակել է ապրանքների ցանկը, որոնք մարտի 16-ից արգելված է ներկրել Ռուսաստան: Խոսքը վերաբերում է շքեղության շուրջ 570 պարագաներին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով BIS-ին:
Հաջորդ շաբաթ կարգելվի արտահանել Ռուսաստան ամերիկյան ալկոհոլ, ծխախոտային ապրանքներ, շպարի միջոցներ ու օծանելիք, մորթյա իրեր, հագուստի ու կոշիկների որոշ տեսակներ, պայուսակներ ու ճամպրուկներ, լողազգեստներ, թանկարժեք քարեր, նավերի շարժիչներ, ձնագնացներ, մոտոցիկլետներ, որոշ մարդատար մեքենաներ, դաշնամուրներ, ձեռքի ժամացույցներ, արվեստի գործեր:
Սահմանափակումները կգործեն նաեւ Բելառուսում: Բացի այդ, այդ ցանկից ապրանքներ չեն կարողանա ձեռքբերել նաեւ Ռուսաստանի ու Բելառուսի որոշ քաղաքացիներ՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Խոսքը վերաբերում է անձանց, որոնք հայտնվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական պատժամիջոցների ցանկում Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու կամ Ուկրաինայում հետագա «ապակայունացվող վարքագծի» կապակցությամբ, նշում է պարբերականը:
Մարտի 11-ին Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի հրաման, որը վերջ կդնի դեպի Ռուսաստան տարեկան շուրջ 500 մլն դոլար արժողությամբ շքեղության ապրանքների արտահանմանը:
Բայդենն այդ ժամանակ նաեւ ստորագրել էր հրաման Ռուսաստանին դոլարի տեսքով թղթադրամների մատակարարումն ու ՌԴ տնտեսության ոլորտում ցանկացած նոր ներդրումներն արգելափակելու մասին, որոնք կարող են որոշվել ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից:
Դեռ ավելին, Նանգները սահմանել են անձնական պատժամիջոցներ ռուսական էլիտայի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: ԱՄՆ-ն արգելափակում է ակտիվներն ու հաշիվները, ինչպես նաեւ արգելում մուտքը երկիր:
Արեւմտյան երկրները սահմանել են լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի, երբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին կոչ էր արել ճանաչել Դոնեցկի եւ Լուգանցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ փետրվարի 24-ին հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսաստանի դեմ տարաբնույթ սահմանափակումներ են ընդունել ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Պապոնիանմ Շվեյցարիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Թայվանը, Հարավային Կորեան եւ Չեռնոգորիան, գրում է «Վեդոմոստին»:
Պատժամիջոցներն առնչվել են տնտեսական, ֆինանսական եւ առեւտրային ոլորտին, այդ թվում՝ բանկերին ու տեխնոլոգիաների արտահանմանը: Սահմանափակումների են ենթարկվել նաեւ ՌԴ ԿԲ-ն, որի միջազգային արժութային պահուստները եվրոյի եւ դոլարի արժույթով սառեցվել են, ինչպես նաեւ ռուս գործարարները, քաղաքական գործիչները, պետական ընկերությունների թոփ-մենեջերները, ինչպես նաեւ ռուսական պետական հեռուստաալիքների հաղորդավարները:





























