ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ նրանց դաշնակիցների պատժամիջոցների հետեւանքով, որոնք սահմանափակում են ՌԴ-ի ոսկու եւ արժութային պահուստների հասանելիությունը, Ռուսաստանը չի կարող օգտագործել դրանց գրեթե կեսը՝ շուրջ 300 մլրդ դոլար:

«Դա պահուստների գրեթե կեսն է, որոնք մենք ունեինք: Մեր պահուստների ընդհանուր ծավալը շուրջ 640 մլրդ դոլար է, որոնցից շուրջ 300 մլրդ դոլարը մենք չենք կարող օգտագործել»,-ասել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ նշելով, որ ոսկու եւ արժութային պահուստների մի մասը, այդ թվում՝ Ագզային բարեկեցության հիմնադրանը, սառեցված են:

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ ՌԴ-ի ոսկու եւ արժութային պահուստների մի մասը յուան արժույթով է, ինչի կապակցությամբ Արեւմուտքը փորձում է հասնել նրան, որ Չինաստանը նույնպես սահմանափակի Ռուսաստանի հասանելիությունն իր արժույթի նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եւ մենք տեսնում ենք, թե ինչ ճնշում է գործադրվում Չինաստանի վրա արեւմտյան երկրների կողմից, որպեսզի սահմանափակվի Չինաստանի հետ փոխադարձ առեւտուրը: Անշուշտ, ճնշում է գործադրվում յուանով պահուստների նկատմամբ հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ»,-նշել է նա:

«Սակայն ես կարծում եմ, որ Չինաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունները թույլ կտան պահպանել այն համագործակցությունը, որը մենք ունենք, ոչ միայն պահպանել, այլ նաեւ կրկնապատկել այն պայմաններում, երբ արեւմտյան շուկաները փակվում են»,-հավելել է Սիլուանովը:

Նրա խոսքով՝ պահուստները սառեցնելու հետեւանքով ՌԴ-ը պարտավորությունները կատարելու խնդիրներ ունի, այդ թվում՝ պարտքերը մարելու առումով:

Նախարարը կրկնել է ավելի վաղ արդեն հնչեցրած թեզը. ինքնիշխան պարտքը, այդ թվում՝ արտարժույթով, Ռուսաստանը կսպասարկի ռուբլով, քանի դեռ պահուստի մի մասը չսառեցվի: «Կարծում եմ, որ արդարացի է, երբ մենք ասում ենք, որ չենք հրաժարվում պետական պարտավորությունների կատարումից, կվճարենք դրանք ռուբլով մինչեւ մեր ոսկու եւ արտարժութային պահուստների ապասառեցումը»,-ասել է նա:

«Մեզ անհրաժեշտ է վճարել խիստ կարեւոր ներկրման դիմաց պարենամթերք, դեղամիջոցներ, մի շարք այլ կարեւոր ապրանքներ ստանալու համար: Սակայն պարտքերը մենք պետք է մարենք երկրներին, որոնք ոչ բարեկամական վերաբերմունք են ցուցաբերել ՌԴ-ի նկատմամբ ու ոսկու եւ արժութային պահուստներն օգտագործելու սահմանափակումներ են ընդունել. հենց այդ երկրներին մենք կմարենք պարտքերը ռուբլու համարժեքով»,-նշել է Սիլուանովը: