Կայրաթ Սաթիբալդիուլին ձերբակալվել է Հակակոռուպցիոն ծառայության կողմից, հայտնում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով գործակալության մամուլի ծառայությանը։

KNews-ը հայտնում է, որ Կայրաթ Սաթիբալդիուլին նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկն է։

«Հակակոռուպցիոն ծառայությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու փաստերով քրեական գործ է քննում։ Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել եւ ժամանակավոր պահելու վայր է տարվել Կայրաթ Սաթիբալդիուլին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հակակոռուպցիոն ծառայությունում նշել են, որ ստուգում են Սաթիբալդիուլիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործությունների կատարմանը։

«Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն, հետաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ»,- հավելել են ծառայությունում։