Վաշինգտոնն աշխատում է, որպեսզի օգնի Իրաքին ունենալ հակահրթիռային պաշտպանության միջոցներ ինքնապաշտպանության համար։ Այս մասին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ դատապարտելով Իրանին Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլին հասցրած հրթիռային հարվածի համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի եւ ԱՄՆ-ի ոչ մի օբյեկտ չեն տուժել գրոհի հետեւանքով, բայց Միացյալ Նահանգները հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին, իր շահերն ու դաշնակիցներին։ «Մենք խորհրդակցում ենք Իրաքի եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունների հետ, մասամբ այն բանի համար, որ օգնենք նրանց ունենալ հակահրթիռային պաշտպանության միջոցներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պաշտպանել իրենց»,- ասել է Սալիվանը CBS News-ի եթերում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հայտարարությունում հաստատել է, որ գերճշգրիտ հրթիռ է արձակել Էրբիլի իսրայելական կենտրոնների դեմ։

«Սիոնիստական ռեժիմի վերջերս կատարած հանցագործություններից եւ նախորդ հայտարարությունից հետո այն մասին, թե այդ ռեժիմի հանցագործություններն ու չարագործություններն առանց պատասխանի չեն մնա, անցած գիշեր սիոնիստների դավադրության եւ չարագործությունների ռազմավարական կենտրոնը գնդակոծվել է ԻՀՊԿ-ի գերճշգրիտ հրթիռներով։ Մենք մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք սիոնիստական ռեժիմին, որ ցանկացած չարագործության կրկնություն առաջ կբերի կտրուկ, վճռական եւ ավերիչ պատասխան»,- ասվել է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։

Իրաքյան ԶԼՄ-ները կիրակի օրվա սկզբին տեղեկացրել էին, որ հրթիռակոծման են ենթարկվել Վաշինգտոնի հյուպատոսության նոր շենքը եւ որակավորման բարձրացման երկու շենք, որոնք տնօրինում է «Մոսադ»-ը Էրբիլում։