Սքվոթերները զբաղեցրել են Լոնդոնի կենտրոնում գտնվող առանձնատունը, որը ենթադրաբար ռուս միլիարդատեր, էներգետիկ մագնատ Օլեգ Դերիպասկային է պատկանում, հայտնում է BBC-ն։
Նրանք Բելգրեյվի տարածքը զարդարել են ուկրաինական դրոշներով եւ կոչ են անում հանրությանը միանալ իրենց բողոքին։ Շենքի մոտ ոստիկաններ են հավաքվել։
Ինչպես հայտնում է BBC-ն, սքվոթերները չեն պատրաստվում ապրել ու քնել առանձնատանը, այլ զբաղեցնում են այն՝ ի նշան ուկրաինական ճգնաժամի դեմ բողոքի։
Դերիպասկան՝ մետալուրգիական եւ հիդրոէներգետիկ EN+ ընկերության հիմնադիրը, 2018-ից գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Կրեմլի հետ ենթադրյալ սերտ հարաբերությունների պատճառով։
Գերագույն դատարանի 2006թ․ որոշմամբ՝ Դերիպասկան Five Belgrave Square-ի շահառու սեփականատերն է: Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում յոթ ննջասենյակ ունեցող տանը կա նաեւ տնային կինոթատրոն, մարզասրահ եւ թուրքական բաղնիք:
Սքվոթինգը լքված կամ չբնակեցվող վայրի կամ շինության ինքնակամ բնակեցումն է այն անձանց (սքվոթերների) կողմից, որոնք դրա օրինական սեփականատերերը կամ վարձակալները չեն, ինչպես նաեւ չունեն դրա օգտագործման այլ թույլտվություններ:





























