Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների եւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին եւ այդ հարցում կարեւորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: