Ռուսաստանի Դաշնությունից առանձին լիցենզիաներով քվոտայի շրջանակներում հացահատիկի արտահանումը կթույլատրվի, Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։

Մարտի 10-ին Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ հացահատիկի արտահանման վրա։ Սահմանափակումները վերաբերել են ցորենին, մեսլինին, տարեկանին, գարիին եւ եգիպտացորենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընթացք եմ տվել արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից ներկայացված ակտերին՝ մինչեւ օգոստոսի 31-ը Ռուսաստանի Դաշնությունից սպիտակ շաքարի եւ շաքարի հումքի, ինչպես նաեւ մինչեւ այս տարվա հունիսի 30-ը ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու եւ եգիպտացորենի արտահանումն արգելելու մասին։ Հացահատիկի արտահանումը առանձին լիցենզիաներով քվոտայի շրջանակներում կթույլատրվի»,- ասել է Աբրամչենկոն։

Փոխվարչապետն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում գործընկերների համար շաքարի արտահանումը հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության առանձին որոշումներով։

«Իհարկե, սա ժամանակավոր միջոց է՝ երկրի ներսում ծավալները պահպանելու համար։ Դա կօգնի պահպանել գները եւ ծածկել ներքին սպառողների եւ վերամշակողների կարիքները»,- հավելել է Աբրամչենկոն։