Նավագնացության մեջ թանկ արժեցող խափանումների քանակն ավելանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։ Գլոբալ տաքացման պատճառով սպառնալիքի առջեւ են հայտնվել ծովային ճանապարհները, որոնցով փոխադրվում է ամբողջ աշխարհում վաճառվող ապրանքների 80 տոկոսը, տեղեկացրել է Bloomberg-ը։
Նավագնացության համար հիմնական վտանգը փոթորիկներն են։ Վերջին տասնհինգ տարիներին դրանք բազմաթիվ անգամներ վնաս են հասցրել ԱՄՆ-ի նավահանգիստներին։ Ընդ որում, երբ նավահանգիստը դանդաղեցնում է աշխատանքը կամ փակվում է եղանակային պայմանների պատճառով, դա բարձրացնում է մատակարարումների ողջ շղթայի ծանրաբեռնվածությունը։ Քամու արագությունը, տեղումների քանակը եւ ալիքների բարձրությունը այսուհետ եւս կավելանան՝ օդում ջերմոցային գազերի խտացման բարձրացմանը զուգընթաց։
Ցամաքում խնդիրները նույնպես ազդում են ծովային փոխադրումների վրա. 2019թ. Պանամայի ջրանցքի երաշտը նավագնացության ճյուղին 300 մլն դոլարի վնաս հասցրեց։ Վերլուծաբանների կարծիքով՝ կլիմայական ճգնաժամին բեռնափոխադրումների հարմարեցման միջոցները կարող են թանկ արժենալ սկզբնական փուլում, բայց երկարաժամկետ հեռանկարում ավելի էժան կնստեն, քան գլոբալ տաքացման ապակառուցողական հետեւանքները։
Կլիմայական փոփոխություններից տուժած նավագնացությանը բաժին է ընկնում տրանսպորտային արտանետումների մոտ 20 տոկոսը. նավերը, որպես կանոն, աշխատում են նավթով, որն ամենից շատ է ածխաթթու գազ արտանետում։ Ընկերությունները, որոնք փորձում են մինչեւ 2050թ. հասնել ածխածնային չեզոքության, բախվում են լուրջ լոգիստիկ խոչընդոտների։ Դանիական A.P. Moller-Maersk A/S փոխադրողը արդեն հայտարարել է, որ աշխատելու է վեց էներգետիկ ընկերությունների հետ, որպեսզի արագ մեծացնի մենթոլի՝ էներգիայի վերարտադրվող աղբյուրներից ստացվող, էկոլոգիապես մաքուր վառելիքի արտադրությունը։





























