Հայաստանն իր Զինված ուժերը զարգացնում է ոչ թե ագրեսիայի եւ պատերազմ սանձազերծելու համար, այլ՝ բացառապես պաշտպանական նպատակներով։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Այնուամենայնիվ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց մի առաջարկի վրա, որն արձանագրված է կառավարության ծրագրում. «Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու եւ բարեփոխելու է ոչ թե հնարավոր ագրեսիայի, այլ միայն դրանից պաշտպանվելու նպատակով»,- ասաց Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կառավարության նախորդ ծրագրերում նման պարզաբանում չի եղել. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են որոշել փաստաթղթում այս պահը հատուկ նշել։ Արդյո՞ք դա, ըստ էության, «անատամ» բանակի ստեղծում չի նշանակում, որն անհրաժեշտության դեպքում նույնիսկ չի կարողանա հակահարձակման անցնել»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Սարգսյանը փորձեց վիճարկել Մանուկյանի փաստարկները՝ խոստանալով, որ Հայաստանն «անատամ» բանակ չի ունենա։ «Մենք ընդամենը արձանագրում ենք, որ ՀՀ Զինված ուժերն ագրեսիվ նկրտումներ չեն ունենալու, ինչպես եւ չեն ունեցել նախկինում։ Պարզապես այն ժամանակ կառավարության ծրագրում այս փաստը ֆիքսված չէր։ Ինչ վերաբերում է պաշտպանությանը եւ ագրեսիայի դեմ պաշտպանությանը, ապա դա լիովին նաեւ հակահարձակում է ենթադրում»,- պարզաբանեց փոխնախարարը։
ՊՆ փոխնախարարի խոսքով՝ պետությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զինված ուժերը միշտ մարտունակ լինեն։





























