Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հնարավորինս շուտ «դադարեցնել պատերազմը», եւ Ռուսաստանը հենց դրանով էլ զբաղված է։ Այս մասին երեքշաբթի իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «դադարեցնում է պատերազմը, որը Կիեւի ռեժիմը մղել է Դոնբասի բնակչության դեմ առնվազն ութ տարի»: 
«Այդ պատերազմը պետք է դադարեցվի,- ասել է նախարարը։- Մենք հերթական անգամ տեսնում ենք Կիեւի արմատականների իրական դեմքի հաստատումը, որոնք երեկ «Տոչկա-Ու» համակարգից կասետային զինամթերքով գրոհեցին Դոնեցկի կենտրոնը՝ սպանելով 20 եւ էլ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ վիրավորելով»:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արեւմուտքը համառորեն թաքցնում է բոլոր փաստերը կիեւյան արմատականների գործողությունների մասին եւ շարունակում է հիստերիա հրահրել՝ բացահայտ կեղծիքներ տարածելով։ Լավրովը նաեւ հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջը փոխանցել է նյութերը, որոնք կոնկրետ փաստերի հիման վրա ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի ներկայիս կառավարությունը, ինչ դիրքորոշումներ են հայտնում պաշտոնյաները՝ նախագահից սկսած, ինչպես են վերաբերվում պարտավորություններին, որոնք սահմանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի որոշումները, ինչպես նաեւ՝ «այն նույն Մինսկի համաձայնագրերը, որոնք նրանք ստորագրել եւ քանդել են իրենց արեւմտյան գործընկերների թողտվությամբ եւ նույնիսկ խրախուսմամբ»։

«Այժմ շարունակվում են բանակցություններն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովման ուղղությամբ՝ գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության երաշխիքների համատեքստում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որպեսզի երբեւէ որեւէ սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը չգա դրա տարածքից, մի շարք օրենսդրական ակտերով ամրագրված նացիստական ​​քաղաքականության դադարեցման եւ բոլոր խտրական սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության համատեքստում, որոնք սահմանվել են ռուսաց լեզվի, կրթության, ռուսական մշակույթի, ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Մամուլի ասուլիսին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Կուլեբան խնդրել է փոխանցել Լավրովին, որ Ուկրաինան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը։