Ռուսաստանը «ստոպ ցուցակում» ներառել է ԱՄՆ-ի ղեկավարությանը։ Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը, «ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ, մարտի 15-ից արգելվում է նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մայքլ Միլիի, ինչպես նաեւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների եւ ամերիկյան նշանավոր գործիչների մուտքը Ռուսաստանի դաշնություն»:
«Այս քայլը, որն նախաձեռնված է որպես պատասխան արձագանք, անխուսափելի հետեւանքն է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ծայրահեղ ռուսաֆոբ կուրսի, որը, հուսահատորեն փորձելով պահպանել ամերիկյան գերիշխանությունը, բարեվարքության բոլոր կանոնները խախտելով՝խաղադրույք է կատարել Ռուսաստանի ճակատային զսպման վրա։
Միեւնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում պաշտոնական հարաբերություններից, եթե դրանք համապատասխանում են մեր ազգային շահերին, եւ անհրաժեշտության դեպքում կլուծենք «սեւ ցուցակում» հայտնված անձանց կարգավիճակից բխող խնդիրները՝ բարձր մակարդակով շփումներ կազմակերպելու համար։
Ստորեւ ներկայացվում են «ստոպ ցուցակում» ընդգրկված ԱՄՆ քաղաքացիները՝
1. Ջոզեֆ Բայդեն,
2. Էնթոնի Բլինքեն,
3. Լլոյդ Օսթին,
4. Մարկ Միլի,
5. Ջեյքոբ Սալիվան - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական,
6. Ուիլյամ Բըրնս - ԿՀՎ տնօրեն,
7. Ջենիֆեր Փսակի - Սպիտակ տան մամուլի քարտուղար,
8. Դեյփ Սինգհ - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ,
9. Սամանտա Ջեյն Փաուեր - Միջազգային զարգացման գործակալության տնօրեն,
10. Հանթեր Բայդեն - ԱՄՆ նախագահի որդին,
11. Հիլարի Քլինթոն - ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու,
12. Ադեւեյլ Ադեեմո - ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
13. Ռետա Ջո Լյուիս - Արտահանման-ներմուծման բանկի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ:
Մոտ ապագայում նոր հայտարարություններ կհաջորդեն պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին՝ ներառելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորական պաշտոնյաների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների եւ լրատվամիջոցների, որոնք ռուսաֆոբ են կամ նպաստում են Ռուսաստանի նկատմամբ ատելություն հրահրելուն եւ սահմանափակող միջոցների ներդրմանը։
Այս գործողությունները կիրականացվեն օրգանական միասնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսական, բանկային եւ այլ ոլորտներում ընդունված լայնածավալ որոշումներով՝ Ռուսաստանի տնտեսությունը պաշտպանելու եւ նրա կայուն զարգացումն ապահովելու համար»:





























