Ֆինլանդիան եւ Շվեդիան դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։
«[ՆԱՏՕ-ին անդամակցելը] հնարավոր է, բայց դա իրականում ամբողջովին կախված չէ Ֆինլանդիայից: Դա, իհարկե, կախված է ՆԱՏՕ-ի անդամներից»,- CNN-ին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն: «Բայց սա առաջին անգամ է անկեղծորեն քննարկվում Ֆինլանդիայում»:
Ե՛վ Ֆինլանդիան, եւ՛ Շվեդիան պատմականորեն չեզոք են եղել նույնիսկ մինչեւ 1995թ․ Եվրամիությանն անդամակցելը: Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրի մաս են կազմում, ինչը նշանակում է, որ նրանք սերտորեն համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ՝ չնայած անդամ չեն հանդիսանում:
Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ին միանալու հանրային աջակցությունը մեծապես աճել է Ուկրաինայում էսկալացիայից հետո, երբ ֆինների 53 տոկոսը աջակցություն է հայտնել անդամակցությանը, 2017-ի 19 տոկոսի փոխարեն, ըստ Yle-ի հարցման, որն անցկացվել է փետրվարի վերջին:
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ երկիրը հնարավոր է լրջորեն մտածի դաշինքին միանալու մասին, քանի որ կշռադատում է հնարավոր հետեւանքները։
ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է տարիներով ձգձգվել՝ պահանջելով, որ բոլոր 30 անդամները հաստատեն նոր երկրները: Սակայն ՆԱՏՕ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ կարծում են, թե որոշումը կարող է արագացված լինել՝ կապված դաշինքի հետ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի «օպերատիվ համատեղության բարձր մակարդակի» հետ:





























