Միացյալ Նահանգները F-15 ինքնաթիռներ կտրամադրի Եգիպտոսին։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ մենք լավ նորություն ունենք. մենք պատրաստվում ենք F-15-ներ տրամադրել Եգիպտոսին, ինչը երկար եւ բարդ գործընթաց է»,- ասել է նա։
Մաքքենզին մանրամասներ չի հայտնել ժամկետների կամ F-15-ների քանակի մասին:
Անցյալ ամիս Մաքքենզին հայտարարել էր Եգիպտոսին «շատ հուսալի» ռազմական օգնության տրամադրման մասին, երբ ժամանել էր Կահիրե այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել էր կրճատել 130 մլն դոլարի ռազմական օգնությունը երկրին՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Եգիպտոսի հետ ԱՄՆ հարաբերությունները բարդ են։ Ամենախիտ բնակեցված արաբական երկիրը կենսական կարեւոր դաշնակից է եւ կարեւոր ձայն ունի արաբական աշխարհում: ԱՄՆ ռազմական պաշտոնյաները արդեն վաղուց են ընդգծում Եգիպտոսի դերը Սուեզի ջրանցքով ամերիկյան ռազմանավերի անցումը արագացնելու եւ ամերիկյան ռազմական ինքնաթիռների թռիչքներ թույլ տալու գործում:





























