Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կփորձի համոզել Սաուդյան Արաբիային ավելացնել նավթի արդյունահանումը, հայտնում է AP-ն։

Սպասվում է, որ Ջոնսոնն այս շաբաթ կհանդիպի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ՝ հուսալով, որ իրեն կհաջողվի համոզել նրան ավելացնել նավթի արդյունահանումը, որպեսզի փոխհատուցվի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը էներգակիրների համաշխարհային գների վրա:

Սակայն, այցը վեճեր է հարուցում հարուստ թագավորությունում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ վաղեմի մտահոգությունների պատճառով, ինչպես նաեւ հանգստյան օրերին 81 մարդու զանգվածային մահապատժի հետ կապված:

Ջոնսոնն ասել է, որ երկրների նոր կոալիցիա է անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը չկարողանա արեւմտյան երկրներին «պատանդ պահել էներգակիրների միջոցով»: Նա անտեսել է հարցերն այն մասին, որ պատժամիջոցների պատճառով նավթի համաշխարհային գների աճի դեմ պայքարը նշանակում է գործ ունենալ տհաճ ռեժիմների հետ:

«Մենք պետք է խոսենք աշխարհի այլ արտադրողների հետ, թե ինչպես կարող ենք ազատվել այս կախվածությունից»,- ասել է նա: «Մենք ուզում ենք ստեղծել հնարավորինս լայն կոալիցիա, որպեսզի կարողանանք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, եւ այն բանի վրա, թե ինչ ազդեցություն են կրում դրանից նավթի ու գազի գները։