Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն մարտի 16-ին Մոսկվայում հարցերի լայն շրջանակ կքննարկեն։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցությունների համար։

Նախարարները մտքեր կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի եւ խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի մասին, այդ թվում՝ մարդասիրական միջանցքների ստեղծման եւ օտարերկրյա քաղաքացիների տարհանման մասին։

Նախարարները կքննարկեն նաեւ Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում եւ Սեւծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։

«Մենք գոհ ենք Սիրիայի հարցով մեր համատեղ աշխատանքի շնորհիվ վերսկսված միջազգային հանդիպումների արդյունքներից։ Նախարարները կմշակեն այս տարի կայանալիք Աստանայի ձեւաչափով հաջորդ եռակողմ գագաթաժողովի ժամկետներն ու բովանդակությունը եւ կդիտարկեն մեր երկրների առջեւ ծառացած խնդիրները՝ Սիրիայի ապագա քաղաքական կառուցվածքի հիմքերի մշակման սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման համատեքստում»։

Հանդիպման ընթացքում լուրջ ուշադրություն կդարձվի պատժամիջոցների աճի պայմաններում երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների, տիեզերական հետազոտությունների եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության քննարկմանը։