«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը, «Ռոսսետ» խմբի գլխավոր տնօրեն Անդրեյ Ռյումինը եւ «Յանդեքս»-ի նոր գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ներառվել են բրիտանական պատժամիջոցների ցուցակում։ Փաստաթուղթը, որը երեքշաբթի կեսօրին արդեն համալրվել էր Ռուսաստանի Դաշնությունից 370 նոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանցով, նույն օրը երեկոյան կրկին թարմացվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոր ընդգրկվածների թվում են Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի հիմնական բաժնետեր Վիկտոր Ռաշնիկովը, «Եվրոխիմ»-ի գգլխավոր տնօրեն Վլադիմիր Ռաշեւսկին, Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի նախկին կինը՝ Մարինա Սեչինան, քաղաքագետ Դմիտրի Կուլիկովը, լրագրողներ Արմեն Գասպարյանը եւ Արտեմ Շեյնինը, սենատոր Սուլեյման Քերիմովը, գործարար եւ «Ալֆաբանկ»-ի նախկին բաժնետեր Ալեքսեյ Կուզմիչյովը։

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են նաեւ «Ռոսնեֆտ աերո» ընկերության դեմ, որը ավիավառելիքի մատակարարումներ եւ ինքնաթիռների լիցքավորում է իրականացնում, ինչպես նաեւ Զելենոդոլսկի նավաշինական գործարանի դեմ։