ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,5 տրլն դոլարի բյուջեի մասին օրենքը, որը 13,6 մլրդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային։
Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը «կօգնի երկրին պաշտպանվել Ռուսաստանի լայնածավալ հարձակումից եւ բավարարել մարդասիրական կարիքները, քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ լքում են իրենց տները»:
«Անվտանգության այս նոր ֆինանսավորմամբ մենք շտապ կերպով սկսում ենք էլ ավելի մեծացնել աջակցությունն Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ասել է նա:
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի կողմից ներկայացված օրինագծի ամփոփագրի համաձայն՝ մոտ 6,5 մլրդ դոլար կտրամադրվի ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, որպեսզի նա կարողանա զորքեր տեղակայել տարածաշրջանում եւ պաշտպանական տեխնիկա ուղարկել Ուկրաինա:
Ավելի քան 4 մլրդ դոլար կուղղվի Ուկրաինայից փախստականներին եւ Ուկրաինայում ներքին տեղահանվածներին մարդասիրական օգնության, ինչպես նաեւ տարածաշրջանի խոցելի համայնքներին շտապ պարենային օգնության, բժշկական օգնության եւ հրատապ աջակցության ցուցաբերմանը:
Մոտ 1,8 մլրդ դոլար է հատկացվել Ուկրաինայի եւ հարեւան երկրների տնտեսական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են կիբեռանվտանգության եւ էներգետիկայի խնդիրները:
Օրենքըը նաեւ 25 մլն դոլար կտրամադրի ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը՝ արտասահմանում հեռարձակվող լուրերի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Եվս 120 մլն դոլար կհատկացվի տեղի ուկրաինացի ակտիվիստներին ու լրագրողներին աջակցելու համար, ինչպես նաեւ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու համար։





























