Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր՝ մարտի 16-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն է: Արտահերթ նիստը հրավիրվում է ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը:
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:
Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Սա նշանակում է, որ պետք է տեղի ունենան համայնքապետի նոր ընտրություններ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները վստահ են, որ նոր ընտրություններում եւս իրենց թեկնածուն է ընտրվելու համայնքապետ, քանի որ իրենք ունեն 14 մանդատ, որը 50 տոկոսից ավելին է:
Վարդենիսում ընդդիմադիրների նախաձեռնությամբ համայնքապետի ընտրության օրակարգով արտահերթ նիստ կգումարվի





























