Ճապոնիան կչեղարկի ՌԴ-ի հետ ամենաբարենպաստ պայմաններով առևտրի ռեժիմը՝ Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների շրջանակներում: Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիշիդան, փոխանցում է Reuters-ը։

Կիշիդայի խոսքով՝ Տոկիոն նաեւ կուժեղացնի պատժամիջոցները՝ ընդլայնելով ռուսական էլիտայի ակտիվների սառեցման ծավալները եւ արգելելով որոշակի ապրանքների ներմուծումը երկրից:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատմական չարագործություն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կիշիդան։ «Մենք անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ պատժամիջոցներ ենք ձեռնարկում՝ Ռուսաստանի վրա հետագա ճնշում գործադրելու համար»։

Ճապոնիան նաեւ կհամակարգի իր գործողությունները G7-ի մյուս երկրների հետ, որպեսզի կանխի Ռուսաստանի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ համաշխարհային վարկատուների վարկերի օգտագործումը, ասել է Կիշիդան:

Նա չի հստակեցրել, թե որ ապրանքների մաքսատուրքերը կբարձրացվեն առավել բարենպաստ ռեժիմի վերացումից հետո։ Սակայն Mainichi թերթը հայտնել է, որ այդ քայլը կբարձրացնի Ռուսաստանից ներմուծվող որոշ ծովամթերքների, այդ թվում՝ ծովային ոզնիների ու ծովախեցգետինների վրա սահմանված մաքսատուրքերը:

Կառավարության տվյալներով՝ 2021թ․ Ճապոնիայի կողմից ներմուծվող ծովային ոզնիների 81 տոկոսը եւ ծովախեցգետինների 47,6 տոկոսը Ռուսաստանից է բերվել։