Գերմանական E.ON ընկերությունը միացել է այլ էներգետիկ ընկերություններին՝ կրճատելով իր ներկայությունը Ռուսաստանում, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի խոշորագույն էներգետիկ E.ON ընկերությունը ռուսաստանյան արտադրողներից ուղիղ մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր չունի, սակայն գազ է գնում Եվրոպայում «Գազպրոմ»-ի առեւտրային ընկերություններից: «Ուկրաինայի պատերազմի պատճառով մենք դադարեցրել ենք գնումներն այդ ընկերություններից», - E.ON-ի տարեկան մամուլի ասուլիսում հայտարարել է գլխավոր տնօրեն Լեոնարդ Բիրնբաումը։
E.ON-ը, որը Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ցանցի օպերատորն է, իր կենսաթոշակային ֆոնդի միջոցով կառավարում է «Հյուսիսային հոսք 1» գազատարի բաժնետոմսերի 15,5 տոկոսը, բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «Գազպրոմ»-ին եւ նրանն է այն հիմնական երթուղին, որով ռուսական գազը ներկայումս հասնում է Գերմանիա:
Գերմանական ընկերությունը հայտարարել է, որ հիմնականում ապրանքային շուկաների համար ռիսկեր է տեսնում՝ վարկային եւ լիկվիդացիոն ռիսկերը, ինչպես նաեւ ներդրումների գնահատման ռիսկերը, ներառյալ իր մասնաբաժինը «Հյուսիսային հոսք 1»-ում:
«Հյուսիսային հոսք 2»-ը, որը կկրկնապատկեր Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալը, անցյալ ամիս կանգնեցվել էր Գերմանիայի կողմից:
E.ON-ն հայտարարել է, որ 2022թ․ համար իր եկամուտների կանխատեսումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ապագա իրադարձություններից, որի ծավալը ներկայումս անհնար է որոշել:





























