Ռուսաստանի կողմից դոլարային եվրաբոնդերի կտրոնային վճարումները ռուսական ռուբլով կատարելու դեպքում դրանք սուվերեն դեֆոլտ կհամարվեն պարտքի մարման 30-օրյա արտոնյալ ժամկետի ավարտից հետո, հայտնել է Fitch վարկանշային գործակալությունը։

Այս շաբաթվա սկզբին ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը վճարման հանձնարարագիր է պատրաստել սուվերեն եվրոպարտատոմսերի կտրոնային վճարումների համար, որոնք պետք է կատարվեն չորեքշաբթի՝ մարտի 16-ին, սակայն եթե օտարերկրյա բանկերը միջազգային ռուսական պահուստների սառեցման պատճառով չկարողանան կատարել այդ վճարումը, ապա եվրապարտատոմսերի վճարումները ռուբլով կփոխանցվեն։

Սրանք կլինեն եվրաբոնդերի Ռուսաստանի առաջին կտրոնային վճարումները այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին հրամանագիր էր ստորագրել որոշ օտարերկրյա վարկատուների նկատմամբ երկրի հանդեպ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Պարտքային պարտավորությունների վճարումների նման հարկադիր վերափոխումը կնշանակի, որ սկսվել է դեֆոլտ կամ դեֆոլտի նման գործընթաց»,- ասվում է Fitch-ի հայտարարության մեջ:

Ըստ Fitch-ի չափանիշների՝ համապատասխան թողարկման վարկանիշը կիջեցվի մինչեւ «D», իսկ Ռուսաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ մինչեւ «RD» (սահմանափակ դեֆոլտ), եթե կտրոններով վճարումները չկատարվեն ԱՄՆ դոլարով, ինչպես պահանջում են մինչեւ արտոնյալ ժամկետի ավարտը թողարկելու պայմանները։

Գործակալության փորձագետները նշում են նաեւ, որ մարտի 2-ին Դաշնային փոխառության պարտատոմսերից կտրոնային եկամուտը վճարվել է միայն պարտատոմսերի առանձին սեփականատերերի, իսկ ոչ ռեզիդենտները գումար չեն ստացել՝ «Ռուսաստանի բանկ»-ի արգելքի պատճառով։ «Սա նույնպես կհամարվի դեֆոլտ, եթե իրավիճակը չշտկվի վճարումից հետո 30 օրվա ընթացքում», - ասվում է Fitch-ի հաղորդագրության մեջ: