ՆԱՏՕ-ի անդամները հրաժարվել են խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա, սակայն խոստացել են շարունակել զենքի մատակարարումները, հաղորդում է AFP-ը։

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Սակայն ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները զգուշությամբ են մոտենում այդ գաղափարին։ 

«Ես վախենում եմ, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելու համար»,- ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը: «Նախ, մենք պետք է հասնենք հրադադարի։ Մենք պետք է տեսնենք Ռուսաստանի հեռացումը։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ինչ-որ պայմանավորվածություն պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ բանակցությունները դեռ շարունակվում են»։

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետն ասել է, որ առաջարկվող խաղաղապահ առաքելությունը «հնարավորություններից մեկն է, եւ, իհարկե, պետք է դիտարկել բոլոր հնարավորությունները, որոնք կարող են օգնել Ուկրաինային»: Սակայն նա նշել է, որ տեղակայման համար կպահանջվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի: