Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը էներգետիկ անվտանգության վերաբերյալ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դե ֆակտո առաջնորդների հետ, սակայն արդյունահանումը ավելացնելու վերաբերյալ հրապարակային խոստումներ չի ստացել, գրում է Reuters-ը։

Ջոնսոնի այցը Աբու Դաբի եւ Էր Ռիադ ուղղված էր նավթի մատակարարումների ապահովմանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելուն:

Ջոնսոնի գրասենյակից հայտնել են, որ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է էներգիայի համաշխարհային շուկաները կայունացնելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը։

Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնին հարցրել են, թե կավելացնի արդյոք թագավորությունը նավթի արդյունահանումը: «Ես կարծում եմ, որ դուք պետք է խոսեք սաուդցիների հետ այս մասին: Բայց կարծում եմ, որ նավթի եւ գազի համաշխարհային շուկաներում կայունություն ապահովելու անհրաժեշտության մասին ըմբռնում կար»,- ասել է նա։

Մինչ այժմ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, որոնց սերտ կապերը Վաշինգտոնի հետ վտանգի տակ են, մերժել են նավթի արդյունահանումն ավելացնելու ԱՄՆ-ի կոչերը, որպեսզի զսպեն նավթի գների աճը, որը սպառնում է համաշխարհային ռեցեսիայով՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:

«Աշխարհը պետք է հրաժարվի ռուսական ածխաջրածիններից»,- ասել է Ջոնսոնն իր հանդիպումներից առաջ: «Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարեւոր միջազգային գործընկերներ են այս ջանքերում»:

Պարսից ծոցի երկու երկրները ՕՊԵԿ-ի նավթ արտահանող մի քանի երկրներից են, որոնք ունեն նավթի պահեստային կարողություններ՝ արդյունահանումը խթանելու եւ Ռուսաստանից կորցրած մատակարարումները փոխհատուցելու համար: Բայց նրանք փորձում են չեզոք դիրք գրավել իրենց արեւմտյան դաշնակիցների եւ Մոսկվայի՝ նավթ արտադրող ՕՊԵԿ+ խմբում իրենց գործընկերոջ միջեւ:

Խումբը ամեն ամիս աստիճանաբար ավելացրել է արդյունահանումը՝ օրական հասցնելով 400 000 բարելի, եւ դիմակայել է ավելի արագ գործելու ճնշմանը:

ԱՄԷ-ն հավատարիմ է մնում ՕՊԵԿ+-ի գործարքին, Reuters-ին հանդիպումից առաջ հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը:

Ջոնսոնը «խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի չհիմնավորված ներխուժման հետեւանքով առաջացած քաոսի կապակցությամբ եւ ընդգծել է էներգիայի համաշխարհային շուկայում կայունության բարձրացման համար միասին աշխատելու կարեւորությունը»,- ասվում է Աբու Դաբիում բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության մեջ:

Ջոնսոնը եւ թագաժառանգ արքայազնը նաեւ համաձայնության են եկել անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտության շուրջ՝ հակազդելու սպառնալիքներին, այդ թվում՝ Եմենի հուսիներից:

Ջոնսոնը երկրորդ խոշոր արեւմտյան առաջնորդն է, ով 2018թ․ Ստամբուլում Սաուդյան կառավարության գործակալների կողմից լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո այցելում է Սաուդյան Արաբիա։ ԿՀՎ-ն եկել է այն եզրակացության, որ արքայազնը հավանություն է տվել Խաշոգջիին «բռնելու կամ սպանելու» գործողությանը։ Նա հերքում է իր առնչությունը սպանությանը։

Վարչապետի այցը նաեւ Սաուդյան Արաբիայի կողմից 81 մարդու մահապատժից ընդամենը չորս օր անց է տեղի ունենում:

Պատասխանելով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի քննադատության մասին հարցին՝ Ջոնսոնն ասել է. «Ես նախկինում շատ ու շատ անգամներ եմ բարձրացրել այս բոլոր հարցերը… եւ այսօր նորից կբարձրացնեմ դրանք: Բայց մենք վաղեմի, վաղեմի հարաբերություններ ունենք աշխարհի այս մասի հետ, եւ մենք պետք է ընդունենք մեր շատ կարեւոր հարաբերությունները… եւ ոչ միայն ածխաջրածինների համատեքստում»:

Սաուդյան SPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ջոնսոնն ու արքայազն Մուհամմեդը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը եւ միջազգային հարցեր՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիան եւ Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերություն հաստատելու համար փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։