Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը նախօրեին իր խոսքով, բռնի ուժով բերման էր ենթարկվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, ինչի ընթացքում արմունկի հատվածում փակ կոտրվածք է ստացել, տեղի ունեցածի համար մեղադրում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին։
«Հրահանգը իջեցվել էր Շիրակի մարզպետի կողմից»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը, որը ֆեյսբուքյան իր էջում հաճախ է քննադատում Շիրակի մարզպետին՝ նրա գործունեության այս կամ այն դրվագով պայմանավորված։
Մասնավորապես, մարտի 13–ին Կարապետ Պողոսյանն իր էջում գրել էր, թե Նազելի Բաղդասարյանն ազատել է Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի տնօրենին եւ այդ պաշտոնում նշանակել իր քեռակնոջը՝ Արեւիկ Ծատուրյանին։ Մեկ օր անց էլ՝ մարտի 14–ին, Պողոսյանը գրել էր, թե ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նամակ է գրել, որում ասել է, թե մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ է նշանակվել մի մարդ, որը նախորդ տարի մշակել է Նազելի Բաղդասարյանին պատկանող կարտոֆիլի դաշտերը։
Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ինքը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ է ստանում մարզպետի կամ էլ իշխանական այլ ներկայացուցիչների գործունեության հետ կապված եւ իր էջում բարձրաձայնում է այդ մասին, ինչը, սակայն, Շիրակի մարզպետի սրտով չէ։
«Մարդիկ վախենում են խնդիրների մասին բարձրաձայնել, բոլորս էլ հասկանում ենք, որ դիկտատուրա է, ես էլ փորձում եմ մարդկանց մտահոգությունները տեղ հասցնել։ Դեռեւս 20 օր առաջ, երբ խոսում էի քաղաքապետարանի բյուջեն մսխելու մասին եւ Բաղդասարյանի հովանավորչության հետ կապված լուրեր ունեի, ուզում էի պարզաբանում ստանալ, բայց մարզպետուհին հիստերիկ դրսեւորման մեջ ինձ վիրավորեց։ Գրառումներից մեկում ես հետաքրքրվել էի, թե ինչու մարզպետուհին քաղծառայության ստաժ չունեցողին, որն ըստ օդում կախված լուրերի՝ եղել է իր կարտոֆիլի դաշտի ջրվորը, նշանակել է մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ եւ արդյո՞ք իրական են այն տեղեկությունները, որ մարզպետը նրան չէր վճարել եւ դրա փոխարեն այդ պաշտոնում էր նշանակել նրան։ Մարզպետուհին հիստերիայի մեջ էր ընկել, եւ իմ հասցեին անձնական վիրավորանքներ հասցրել, ես էլ «Ֆեյսբուք»-ում պատասխանել էի նրան, ինչին էլ հաջորդել էր ոստիկանության գործողությունները»,– ասաց շիրակցի ընդդիմադիր գործիչը։
Կարապետ Պողոսյանը նաև մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են երեկ առավոտյան իր տան բակից իրեն բերման ենթարկել Ոստիկանության Գյումրու բաժին։
«Տունս շրջափակված էր, դարպասի դիմաց կանգնեցված էր ոստիկանական մեքենա, որ ես չկարողանամ մեքենաս դուրս հանել։ Այդ ոստիկանները ինձ շատ լավ ճանաչում են։ Ես վախենալու պատճառ չունեի, բնականաբար, համաձայնեցի բաժին գնալ, միայն թե ասացի՝ սպասեք հագուստս փոխեմ, նոր շարժվենք։ Իրենք ինձ համբերատար սպասեցին, մի քանի րոպե անց Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խնդրեց իր մեքենայով գնալ բաժին, ես էլ չմերժեցի։
Ճանապարհին կատակներ անելով, լավ տրամադրությամբ հասանք բաժին, որտեղ էլ ես նկատեցի քաղաքացիական հագուստով ոստիկանին, որն ինձ հեռախոսով նկարում էր։ Էդ ընթացքում ոստիկաններն ինձ ասացին, որ պետք է թեւերս ոլորեն ու տանեն բաժին։ Ես բացատրեցի, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու, չէ որ ես իմ կամքով էի գնացել ոստիկանության բաժին եւ հանցագործ չեմ, որը դիմադրում է ոստիկանների գործողություններին, բայց ոստիկաններից մեկն արձագանքեց՝ «քեզ պարտադիր պետք է պառկեցնենք պոլին»։ Ավելի ուշ ես իմացա, որ այդ հրահանգը նրանց տվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, որին էլ երեւի հրահանգել էր Շիրակի մարզպետը, կամ էլ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա»,– պատմեց Կարապետ Պողոսյանը։
Ոստիկանները, այդուհանդերձ, ըստ Պողոսյանի՝ ոլորել են թեւերը եւ պառկեցրել գետնին։ Ոստիկանության բաժնում արդեն Կարապետ Պողոսյանին ասել են, թե Շիրակի մարզպետի վերաբերյալ գրառումների հետ կապված բողոք կա։ Իսկ թե ով է բողոքը ներկայացրել, ոստիկանները չեն ասել։ Պողոսյանը ենթադրում է, որ բողոքը եղել է մարզպետ Նազելի Բաղդասարյանից։
«Ես քննիչներից պահանջել եմ, որ նրանք բացատրության մեջ գրեն, որ իմ նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների կողմից։ Ես նշել եմ, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է իմ գործունեության հետ կապված»,– ասաց Կարապետ Պողոսյանը։
Կարճ ժամանակ անց Պողոսյանը Քննչական կոմիտեից զանգ է ստացել եւ ծանր վիրավորանք հասցնելու համար հարուցված քրեական գործի շրջանակում վկա–կասկածյալի կարգավիճակով հրավիրվել հարցաքննության։ Կարապետ Պողոսյանը, հիշեցնենք, փետրվարին Գյումրի այցելած ՔՊ-ական պատգամավորներին անվանել էր «քեմալական սովածներ»։
«Իբր թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին ծանր վիրավորանք եմ հասցրել, իրենք էլ ամոթից գետինն են մտել։ Կարծում եմ՝ սա պատահականություն չէր, երբ մեկ օրում հրավիրվել եմ ե՛ւ Ոստիկանություն, ե՛ւ Քննչական կոմիտե։ Դա ինչ–որ մեկի հիստերիայի արդյունքն էր»,– ասաց Պողոսյանը։
Գյումրեցի ընդդիմադիր գործիչը տեղի ունեցածը իրեն լռեցնելու փորձ է համարում, ինչը նրա խոսքով՝ ոչ ոքի չի հաջողվելու։




























