Թալին համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո միայն երկու ավագանու նիստ է գումարվել, որոնցից երկրորդը՝ հունվարի 11-ին կայացածը, տապալվել է ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պատճառով։
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 23-րդ հոդվածի հինգերորդ կետի՝ ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալու դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարացվում են, հետեւաբար՝ անցկացվում են նոր ընտրություններ։
NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Տավրոս Սափեյանը նշեց, որ թեպետ ինքը ընտրված համայնքապետ է, սակայն ընդդիմադիրների բոյկոտի արդյունքում լիազորությունները սահմանափակ են, համայնքն էլ ղեկավարվում է բյուջեի նախկին ծրագրով։
Սափեյանի խոսքով՝ իշխող խմբակցությունը գնացել է բանակցությունների ընդդիմադիր ուժերի հետ, որովհետեւ առանց ավագանու նիստերի համայնքի ղեկավարումը բարդ է․ կան սուբվենցիոն ծրագրեր, որոնց համար պարտադիր է ավագանու անդամների մեծամասնության կողմ ձայները։ Բանակցությունները, սակայն, ապարդյուն են եղել։
«Ես առաջին օրվանից էլ ասել եմ, որ պատրաստ եմ աշխատել իրենց հետ՝ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, բայց իրենք հստակ պատասխան չեն տվել մեր առաջարկություններին»,- ընդգծեց Սափեյանը։
Նրա խոսքով՝ եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշի կրկին իրեն առաջադրել, ինքը կհամաձայնի․ «Նոր ընտրությունների դեպքում վստահ եմ՝ ջախջախիչ հաղթանակ կտանենք»։
Թալինի համայնքի «Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստերին չմասնակցելը իրենց երեք ընդդիմադիր խմբակցությունների միասնական որոշումն է։
Մնացականյանը չժխտեց, որ իշխող խմբակցության հետ բանակցություններ եղել են, սակայն պարզաբանեց, թե ինչու են դրանք անարդյունք անցել։
«Մեր պահանջն էր, որ Տավրոս Սափեյանը հրաժարական տար եւ անգամ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» նոր թեկնածու առաջադրեր, մենք դա կքննարկեինք եւ հնարավոր է՝ կողմ լինեինք։ Տավրոս Սափեյանի ընտրությունն անօրինական է եղել, որքան էլ ինքը պնդում է հակառակը։ Ինքն ասում է, որ իրեն ընդդիմությունից ձայն են տվել, այդ դեպքում ինչո՞ւ այդ ձայնը մինչեւ վերջ իր հետ չմնաց․ նշանակում է, որ խնդիր կա չէ՞»,- ասաց Մնացականյանը։
Նա չբացառեց, որ եթե հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիրը» դիտարկի իր առաջարկը, իրենք կմասնակցեն բանակցությունների, քանի որ ավագանու չկայացած նիստերի արդյունքում համայնքը մեծ վնասներ է կրում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։
Ավագանու անդրանիկ նիստում ՔՊ-ն առաջադրել էր Տավրոս Սափեյանի, ընդդիմադիր կոալիցիան «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը https://news.am/arm/news/678013.html։ Տավրոս Սափեյանն ստացել էր 11 կողմ ձայն https://news.am/arm/news/678015.html, իսկ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Սափեյանն ուներ 10 մանդատ, սակայն իր օգտին կողմ էր քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէ ավագանու նիստեր գումարելու համար:





























