Աշխարհը «շրջադարձային կետում» է, եւ Ֆրանսիան կարող է փոխել իրավիճակը: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոստանալով երկիրը տանել «նոր ճգնաժամի դարաշրջանի» միջով, եթե հաջորդ ամիս հաղթի երկրորդ ժամկետի համար ընտրություններում, հայտնում է Reuters-ը։
«Մենք գտնվում ենք շրջադարձային կետում, երբ կարող ենք իսկապես փոխել իրավիճակը»,- մամուլի ասուլիսում ասել է Մակրոնը՝ խոսելով «Եվրամիության շեմին պատերազմի եւ կլիմայի փոփոխության գլոբալ խնդրի» մասին։
Ֆրանսիան ավելի ինքնաբավ երկրի վերածելը հիմնական առաջադրանքը կլինի, ասել է Մակրոնը՝ ներկայացնելով իր առաջարկները՝ սկսած Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ արդյունաբերական անկախության մեջ «զանգվածային ներդրումներից» մինչեւ ավելի շատ միջուկային ռեակտորների կառուցում եւ բանակի ուժեղացում:
Մակրոնը նշել է, որ ցանկանում է «եվրոպական մետատիեզերք» կառուցել՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների հետ մրցելու եւ Եվրոպան այդ ճակատում եւս ավելի անկախ դարձնելու համար:
Նրա խոսքով, պետությունը պետք է վերահսկողության տակ առնի էներգետիկայի ոլորտի որոշ ընկերությունների՝ երկրի անկախության ամրապնդման առումով։
Ֆրանսիայի ղեկավարը չի նշել ընկերությունների անունները եւ ասել է, որ այդ քայլերը կլինեն այն ռազմավարության մի մասը, որը կներառի էլեկտրաէներգիայի եւ գազի գները բաժանելու համար էներգետիկ շուկաները հիմնանորոգելու իր կառավարության ծրագիրը:
«Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի էներգետիկ ոլորտի մի քանի ասպեկտներ»,- ասել է Մակրոնը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը, որին պատկանում է Electricite de France SA-ի բաժնետոմսերի 84 տոկոսը, դիտարկում է պարտքերի տակ կքած կոմունալ ընկերությունը ազգայնացնելու եւ նրա բիզնեսը վերակազմավորելու ծրագրի թարմացման հնարավորությունը՝ կենտրոնանալով միջուկային արտադրության վրա:
Մակրոնը, որն, ըստ կանխատեսումների, հաջորդ ամիս կվերընտրվի մեծ առավելությամբ, հաստատել է, որ կպայքարի նոր ատոմակայանների եւ էլեկտրաէներգիայի մեծ քանակությամբ վերականգնվող աղբյուրների ստեղծման համար՝ որպես հանածո վառելիքի փոխարինման արշավի մաս՝ մինչեւ 2050 թ. Ֆրանսիան ածխածնային չեզոք դարձնելու համար:





























