Անհայտ հաքերները «Մոսադ»-ի ղեկավար Դեւիդ Բարնիի անձնական կյանքի մանրամասներ են տեղադրել համացանցում։ Ըստ Times of Israel-ի, տեսանյութերը հրապարակվել են անանուն անձին պատկանող Telegram-ալիքում:

Ալիքը հրապարակել է եբրայերեն, անգլերեն եւ արաբերեն լեզուներով տեսանյութեր, որոնք ցույց են տալիս Բարնիի տունը օդից, 2014թ․ նրա ընտանիքի գնած ինքնաթիռի տոմսերը, հարկային փաստաթղթեր, եւ տեսանյութ, որտեղ նա ծամածռություններ է անում, հավանաբար, տեսակապով մասնավոր զրույցի ժամանակ:

Իսրայելական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ տեղեկատվությունն իրանցի հաքերներն են գողացել եւ տեղադրել, սակայն այս պնդումը հաստատող որեւէ ապացույց չի ներկայացվում։

Walla պորտալի տվյալներով՝ Telegram-ալիքը, որտեղ տեղադրվել են տեսանյութերը, ստեղծվել է այս շաբաթ եւ ընդամենը 30 բաժանորդ ունի։

Մի քանի լրատվական գործակալությունների տարածած հայտարարության մեջ «Մոսադը» հավաստիացրել է, որ տրամադրված տեղեկատվությունը «հին է եւ «Մոսադ»-ի ղեկավարի հեռախոսից չէ»: