ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները դեռեւս դուրս չեն եկել փակուղուց, որը ստեղծվել է ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, եւ բախվում են ավելի մեծ մարտահրավերների, հատկապես Թայվանի պատճառով, ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։
«Ներկայումս Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռեւս դուրս չեն եկել ամերիկյան նախորդ վարչակազմի ստեղծած փակուղուց եւ, ընդհակառակը, բախվում են ավելի մեծ մարտահրավերների։ Հատկապես վտանգավոր է, որ ԱՄՆ-ում որոշ մարդիկ կեղծ ազդանշաններ են ուղարկում Թայվանի անկախության կողմնակից ուժերին»,- ասել է Սի Ծինփինը, ում խոսքերն է մեջբերում Չինաստանի ԱԳՆ-ը։
Սի Ծինփինը նաեւ նշել է, որ երկու երկրների առաջնորդները համաձայն են, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է հարգեն միմյանց, խաղաղ գոյակցեն եւ խուսափեն առճակատումից, ինչպես նաեւ ամրապնդեն փոխգործակցությունն ու երկխոսությունը բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում։





























