Քննչական մարմինը ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու վայրում հայտնաբերված պարկուճների մանրամասն տվյալները։
Ինչպես հուլիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 1772 պարկուճներ։
Դրանցից 1631-ը 5,45 մմ տրամաչափի են, 38-ը՝ 7,62 մմ, 33-ը՝ 9 մմ, եւս 23-ը կրկին 9 մմ տրամաչափի («Կորնետ» ատրճանակ): Համաձայն անցկացված փորձաքննության՝ 45 մմ տրամաչափի 1631 ինքնաձիգի պարկուճներից 210-ն արձակվել են ուսումնական զենքից, 1119 պարկուճ՝ ոստիկանությանը պատկանող զենքի մարտական փամփուշտներից։ Մնացած 302 պարկուճներն արձակվել են 8 միավոր զենքերից, որոնք չկան իրավապահ մարմինների զինանոցում։
7,62 մմ տրամաչափի 38 պարկուճներից 3-ն արձակվել են մարտի 1-ի գործով մեղադրյալ Ֆելիքս Գեւորգյանի կողմից ապօրինի պահվող ինքնաձիգից։ Մնացած 35-ն արձակված են չպարզված զենքից։
9 մմ տրամաչափով 33 պարկուճներից 30-ն արձակված են 4 միավոր զենքից, որոնք գտնվում են Ոստիկանության զինանոցում։ Մնացած 3-ը կրակված են չպարզված զենքից։
9 մմ տրամաչափով 23 պարկուճներն արձակվել են Ոսիկանությանը պատկանող «Կորնետ» ատրճանակներից։
Այսպիսով, դեպքի վայրում հայտնաբերվել է չպարզված զենքից արձակված շուրջ 340 պարկուճ։ Վահագն Հարությունյանի խոսքով, դրանք, ամենայն հավանականությամբ, արձակված են ապօրինի պահվող զենքից։
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել է Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին: Նույն օրը երեկոյան ոստիկանության եւ բանակի ստորաբաժանումները հրազեն են կիրառել ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվել է 10 մարդ:




























