Շրի Լանկայի իշխանությունները զորքեր են տեղակայել լցակայանների մոտ հազարավոր վարորդների շրջանում բողոքի ցույցերի բռնկման պատճառով, ովքեր ամեն օր հերթ են կանգնում վառելիքի համար, հաղորդում է AFP-ն:
Շրի Լանկան պայքարում է վերջին 70 տարվա ամենավատ տնտեսական ճգնաժամի դեմ՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, սննդամթերքի եւ սնունդ պատրաստելու համար գազի դեֆիցիտ:
Զինվորականները տեղակայվել են այն բանից հետո, երբ զայրացած ամբոխը փակել էր Կոլոմբոյի հիմնական զարկերակը եւ ժամերով կանգնեցրել երթեւեկությունը, քանի որ երկուշաբթի մարդիկ չէին կարողանում կերոսին գնել, ասել է կառավարության ներկայացուցիչ Ռամեշ Պատիրանան:
Միջադեպի կադրերում, որոնք տարածվել են սոցցանցերում, երեւում են, թե ինչպես են մի խումբ զայրացած կանայք շրջափակում զբոսաշրջային ավտոբուսը՝ բողոքելով սնունդ պատրաստելու համար անհրաժեշտ կերոսինի պակասի դեմ:
Զորքերի տեղակայումը հետեւել է նաեւ Կոլոմբոյի սահմաններից դուրս մի վարորդի կողմից մոտոցիկլիստի սպանությանը վառելիքի համար երկար հերթի մեջ իր տեղի համար վեճից հետո:
«Տրամադրությունը վատանում է, քանի որ հերթերն ավելի ու ավելի են մեծանում,- անանունության պայմանով AFP-ին հայտնել է Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:- Անցած գիշեր որոշվել է զորքեր տեղակայել՝ ոստիկանությանն օգնելու համար։ Դա պետք է կանխի ցանկացած անկարգություն»:
Ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ օրվանից երեք տարեց մարդ է մահացել վառելիքի համար հերթում՝ հավելելով, որ շատ լցակայաններում մարդիկ գիշերը վրաններ են տեղադրում վառելիք գնելու սպասումով:
Ռազմական պաշտոնյաները հայտնել են, որ զինվորները տեղակայվել են պետական Ceylon Petroleum Corp-ի պոմպակայաններում, որին 22 միլիոն բնակչությամբ երկրում բաժին է ընկնում վառելիքի մանրածախ բիզնեսի երկու երրորդը:
Շրի Լանկայի ֆինանսական ճգնաժամը կապված է արտարժույթի լուրջ դեֆիցիտի հետ, ինչի հետեւանքով առեւտրականները չեն կարողանում ֆինանսավորել ներմուծումը:
Համավարակը խեղդել է կղզու տուրիստական ոլորտը՝ արտարժույթի հիմնական աղբյուրը, եւ արտերկրում աշխատողներից Շրի Լանկա դրամական փոխանցումները եւս կտրուկ նվազել են:




























