Ավելի քան 20 էլեկտրամոբիլ է ներկայացվել Բանգկոկի 43-րդ միջազգային ցուցահանդեսում (Bangkok International Motor Show 2022), որը չորեքշաբթի օրն է բացվել: Միջոցառումը տեղի է ունենում մայրաքաղաքի Impact Arena ցուցահանդեսային կենտրոնում եւ կտեւի մինչեւ ապրիլի 3-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քանի որ ցուցադրությունն անցկացվում է կորոնավիրուսային համավարակի ժամանակ, այցելուները պետք է մուտքի մոտ ամբողջական պատվաստման վկայական ներկայացնեն եւ ամբողջ ընթացքում դիմակով լինեն։ Այս անգամ միջոցառումն անցկացվում է «Շարունակեք առաջ շարժվել միասին» կարգախոսով, իսկ ներկայացված մոդելների թվում կան տասնյակ էլեկտրամոբիլներ։ Չնայած Թաիլանդում էլեկտրաէներգիայի բարձր գնին, հենց այս հատվածն է ակտիվորեն գովազդվում երկրում, ուստի մի շարք տրանսպորտային միջոցներ վաճառվում են զեղչերով եւ այլ արտոնյալ պայմաններով:
Էլեկտրական մեքենաների ամենահետաքրքրված այցելուների թվում են ORA Good Cat-ը՝ չինական GWM-ից (Great Wall Motors), ZS EV 2022-ը՝ բրիտանական MG-ից, եւ bZ4X 2022-ը՝ ճապոնական Toyota-ից: Վերջինս առաջին անգամ այս միջոցառմանն է ներկայացվել, սակայն դեռ վաճառքի չի հանվել։ Ցուցադրված են նաեւ Audi e-tron, BMW iX3, Lexus UX 300e, Mercedes-Benz EQS, MG EP Plus, Mini Cooper SE, Nissan Leaf, Porsche Taycan Cross Turismo եւ Volvo XC40 Pure Electric մոդելները:
Ներկայացված մեքենաների մի մասը նախկինում ցուցադրվել է այլ երկրներում։ Այս տարվա ամենաթանկ ավտոմեքենա է ճանաչվել Rolls-Royce Ghost Black Badge-ը՝ 43,9 մլն բատ (1,31 մլն դոլար) արժողությամբ: Ավանդաբար, ցուցահանդեսային կենտրոնի տարածքի մի մասը հատկացվում է այն ընկերություններին, որոնք մեքենաների եւ աուդիոհամակարգերի թյունինգով են զբաղվում: Միջոցառմանը ներկայացված են նաեւ տասնյակ մոտոցիկլետներ եւ քվադրոցիկլետներ, ինչպես նաեւ նավակներ ու ավտոբուսներ:





























