Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը թուրքական իշխանություններին կրկին կոչ է արել հետաքննել լրագրող եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ակտիվիստ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ պաշտոնատար անձանց անպատասխանատու վերաբերմունքը: Հիշեցնենք, որ Դինքին սպանող Օգյուն Սամասթը դատապարտվել է գրեթե 23 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է Asbarez-ը։

Ստամբուլի դատարանը Օգյուն Սամասթի դատավճիռը կայացրել է երկուշաբթի։ Նախապես նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն ազատազրկման ժամկետները փոխվել են, քանի որ սպանություն կատարելու պահին Սամասթն անչափահաս էր։ Այժմ Դինքի սպանության մեջ ներգրավված լինելու համար դատարանի առջեւ կանգնած է եւս 18 մարդ։

«Չնայած Սամասթի հանդեպ դատավճիռը լավ նորություն է, բայց նա ընդամենը միայն մեկն է Դինքի սպանության համար պատասխանատու մարդկանցից։ Իշխանությունները պետք է պատասխանատվության կանչեն բոլոր պատասխանատուներին՝ ինչ պաշտոնում էլ նրանք լինեն»,- ասել է Amnesty International-ի՝ Թուրքիայի գծով փորձագետ Էնդրյու Գարդները։