Անգլիայի բնակչուհին անհետանալուց ութ տարի անց վերամիավորվել է իր կատվի հետ, գրում է LADBible-ը։ 2014թ․ կենդանին առանց որեւէ հետք թողնելու փախել էր տնից։

Ջորջինա Լուիզայի խոսքով՝ իր Նայջելը տնային կատու է եղել, սակայն ժամանակի ընթացքում նրա մոտ ճամփորդելու ցանկություն է առաջացել: Կենդանին սկսել է գնալ տնից, բայց միշտ մեկ-երկու օր հետո վերադարձել է։ Բացի այդ, կատուն սկսել է իրեն ագրեսիվ պահել՝ ֆշշացնել մարդկանց վրա եւ ճանկռտել:

2014թ․ Նայջելն անհետացել է եւ չի վերադարձել հերթական զբոսանքից։ Որոնումները ոչինչ չեն տվել, եւ Լուիզան մտածել է, որ կատուն ընդմիշտ կորել է է: Սակայն ութ տարի անց Ջորջինային անասնաբուժական կլինիկայից զանգել եւ ասել են, որ կատուն իրենց մոտ է։

Պարզվել է, որ Նայջելին մի զույգ է գտել զբոսանքի ժամանակ։ Տղան ու աղջիկն անմիջապես հասկացել են, որ կատուն մի ժամանակ տնային է եղել, կերակրել են նրան ու տարել կլինիկա։ Միկրոչիպի շնորհիվ անասնաբույժները կարողացել են տեղեկություններ իմանալ կենդանու տիրոջ մասին։

Այժմ Լուիզան ու իր ընկերները փորձում են գտնել կատվին վերադարձնողներին, որպեսզի շնորհակալություն հայտնեն նրանց։