Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն ունի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական լուրջ բովանդակություն, այսօր` հուլիսի 27-ին ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Նշենք, որ խորհուդը ստեղծվել է վարչապետի հուլիսի 7-ի հրամանով` պետության եւ գործարար համայնքի միջեւ արդյունավետ երկխոսություն ստեղծելու նպատակով: Խորհուրդը ղեկավարում է վարչապետը, նրա կազմում ընդգրկված են էկոնոմիկայի նախարարն ու առաջին տեղակալը, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ Տիգրան Սարգսյանի` փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը նպատակ ունի ստեղծել միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում իրենց տնտեսական ապագայի համար, ինքնուրույնաբար կայացնում են տնտեսական որոշումներ, հենց կհանդիսանան բարեփոխումների շարժիչ ուժը:

Տ. Սարգսյանը խոստովանել է, որ չնայած վերջին 3 տարիների ընթացքում իրականացրած միջոցառումների` դեռեւս առկա են դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: ՓՄՁ խորհրդի նպատակն է ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու գտնել լուծումներ: