Երկրի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի բացմանն ուղղված քաղաքականությունը շարունակվելու է: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ», «ՎԿՍ» եւ  հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է «Հանիել գրուպ»-ի գործունեությունը մեր երկրում, նշելով, որ օրեր առաջ է ներկա գտնվել ընկերության Ամասիայի նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը եւ կարեւորում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ներդրումային ծրագրերի իրագործումը:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել:

Երկուստեք հեռանկարային են համարվել Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներդրումները, կարեւորվել է մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Հանիել գրուպ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում համաշխարհային շուկայում տեղի ունեցող ներկա զարգացումներն ու կառուցվածքային տեղաշարժերը, դիտարկել` Հայաստանի շուկայական դիրքավորման հնարավորությունները:

«Հանիել գրուպ»-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` մեր երկրում իրենց ծրագրերին աջակցության պատրաստակամության համար եւ ընդգծել, որ ընկերությունը Հայաստանում համագործակցության եւ առաջընթացի ամուր հիմքեր է տեսնում, որը հեռանկարային զարգացման ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է: