Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ իր անդամները պատրաստ են «անհրաժեշտության դեպքում» ավելի շատ նավթ հանել շուկա՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով գների կտրուկ աճը հաղթահարելու համար:

ՄԷԳ-ի անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, քննարկում են պահեստներից նավթի հետագա համակարգված թողարկումը՝ գների աճի դեմ պայքարելու համար:

ՄԷԳ-ի անդամ երկրները պարտավորվել են մարտի 4-ի դրությամբ պաշարներից 61,7 մլն բարել նավթ բաց թողնել՝ էներգետիկ շուկաներում կայունություն ապահովելու համար։ ԱՄՆ-ը 30 մլն բարել կմատակարարի, նրան կհետեւի Ճապոնիան՝ 7,5 մլն, Հարավային Կորեան՝ 4,4 մլն, Գերմանիան՝ 3,2 մլն եւ Մեծ Բրիտանիան՝ 2,2 մլն:

«Մեր անդամ երկրները եւ քարտուղարությունը ուշադիր հետեւում են շուկաներին, եւ ի լրումն սկզբնական թողարկման, եթե որոշում կայացվի, մենք անհապաղ պատրաստ ենք գործել եւ լրացուցիչ ծավալներ հանել շուկա»,- ասել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ թողարկվածը կազմել է իր անդամ երկրների նավթի ընդհանուր ծավալի միայն 4 տոկոսը։ Բիրոլը նշել է, որ անդամ երկրները միակարծիք են, որ ռուսական նավթի ու գազի ներմուծումը պետք է «կտրուկ» կրճատվի։