Չնայած կանչերի քանակը մի փոքր նվազել է, այնուամենայնիվ Շտապօգնությունը Երեւանում շարունակում է սպասարկել օրական շուրջ 480 կանչ, որոնց մեծ մասը՝ կապված սիրտ-անոթային պաթոլոգիաների հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մանրամասներ ներկայացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Սիրտ-անոթային հիվանդություններին առնչվող կանչերը, անկախ տարվա եղանակից, Հաաստանում միշտ էլ առաջին տեղն են գրավում։ Ինչ վերաբերում է ամռան ամիսներին հաճախ հանդիպող արեւահարության դեպքերին, ապա նման կանչեր այս տարի դեռեւս չենք ունեցել։ Դրա փոխարեն որոշ թվով կանչեր գրանցվել են մրսածության, տրավմաների պաթոլոգիաներով, իսկ սննդից թունավորման դեպքերով պայմանավորված կանչեր վերջին ժամանակներս առհասարակ չեն եղել»,- ամփոփեց Թագուհի Ստեփանյանը։

Նշենք, որ Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների համաձայն՝ Շտապօգնության բուժանձնակազմը կանչի հասցե պետք է հասնի առավելագույնը 7- 12 րոպեի ընթացքում, նշված հասցեում պետք է մնա եւ հիվանդի պաթոլոգիան որոշի 20 րոպեում։

Նշենք նաեւ, որ վերջերս Չինաստանից Հայաստան ժամանակակից տեխնիկայով հագեցած շտապօգնության 88 մեքենա է բերվել, որոնք հավասարաչափ բաշխվել են Երեւանի եւ մարզերի բուժհաստատությունների միջեւ։