Շուրջ երկու տասնյակ ցուցարարներ՝ մեծամասամբ կանայք, շաբաթ առավոտյան հավաքվել էին Աֆղանստանի կրթության նախարարության մոտ՝ գերատեսչությանը կոչ անելով կրկին բացել միջնակարգ դպրոցներն այղջիկների համար, փոխանցում է BBC-ն:

Տարբեր շրջանակներում քննադատել են երկրում իշխող «Թալիբան» շարժմանը աղջիկների կրթությանը վերաբերող որոշման վերանայման համար. այս շաբաթ վերջին րոպեին երկրի իշխանությունները վերանայել են իրենց իսկ որոշումը՝ հրամայելով փակել դպրոցները, ընդամենը մի քանի ժամ հետո այն բանից, ինչ աշակերտները սկսել էին ժամանել՝ սկսելու նոր ուսումնական տարին:

Ցուցարարները վանկարկում էին. «Կրթությունը մեր իրավունքն է: Բացե՛ք դպրոցների դռներն աղջիկների համար»:

Նշվում է, որ «Թալիբանի» պահակախումբը, որը ներկա է եղել այնտեղ, պարզապես հետեւել է տեղի ունեցողին, իսկ բողոքի ակցիան թույլ են տվել շարունակել՝ ի տարբերություն շատ ուրիշ դեպքերի:

Օգոստոսին «Թալիբանի» իշխանության գալու պահից ի վեր նախնական դպրոցներն աղջիկների համար բաց են մնացել երկրի ողջ տարածքում, ինչպես եւ տղաների համար նախատեսված բոլոր դպրոցները, սակայն ավագ աղջիկներին թույլ չի տրվում դպրոց վերադառնալ:

Աֆղանստանի կրթության նախարարությունը հայտարարել էր, որ միջնակարգ դպրոցներն աղջիկների համար կվերսկսեն աշխատանքը չորեքշաբթի, սակայն այդ որոշումը չեղարկվել էր երկրի կենտրոնական իշխանության կողմից, որը հայտարարել էր, որ դրանք կարող են փակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ «համապարփակ» եւ «իսլամական» ծրագիր չի կազմվել դրանց համար: