Ռուսաստանը մտադիր է այսուհետ եւս աջակցել Սերբիային՝ վերջինիս ազգային շահերի պաշտպանության, այդ թվում՝ Կոսովոյի հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Բելգրադի Սրբազան Սինոդի շենքում նրան Սերբիայի ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգեւ՝ Սուրբ Սավվայի առաջին աստիճանի շքանշան շնորհելու արարողության ժամանակ։ Ռուսաստանի նախագահին պարգեւը շնորհել է Չեռնոգորսկ-Պրիմորսկի Ամֆիլոքիոս միտրոպոլիտը Սերբիայի պատրիարք Պավելի եւ Սուրբ Սինոդի անդամների անունից։
Մեդվեդեւի այցը Բելգրադ նվիրված է ֆաշիստական օկուպացիայից քաղաքի ազատագրման 65-ամյակին։
«Ռուսաստանը օգնել ու օգնելու է Սերբիային՝ վերջինիս ազգային շահերի պաշտպանության, այդ թվում եւ ամենաբարդ՝ Կոսովոյի ու Մետոխիի, հարցերում»,- հայտարարել է Մեդվեդեւը։
Բացի այդ, նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերի մոռացումը ունակ է թշնամանք բորբոքել ժողովուրդների միջեւ, եւ Ռուսաստանը թույլ չի տա դա։ «Մենք՝ ազատ աշխարհում ապրելու մեր իրավունքը պաշտպանածների երեխաներն ու թոռները, պարտավոր ենք պահպանել այդ պատերազմի մասին ճշմարտությունը։ Առավել եւս, երբ այսօր այդ պատմությունը վերաշարադրելու, այն ժամանակվա իրադարձությունների բուն էությունը խեղաթյուրելու եւ նվաճողներին՝ փրկիչներ, դահիճներին՝ հայրենասեր, իսկ ազատագրողներին՝ մինչեւ իսկ զավթողներ ներկայացնելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկվում»,- ասել է ՌԴ նախագահը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ թեմաների շահարկումը կարող է ազգամիջյան անվստահություն ու թշնամանք բորբոքել , ինչը բազմիցս եղել է մարդկության պատմության ընթացքում։
Հիշեցնենք, որ Մեդվեդեւի Բելգրադ կատարած այցի արդյունքներով, ստորագրվել է էներգետիկայի, անվտանգության, կրթության, սպորտի, երիտասարդական քաղաքականության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։ Մասնավորապես, ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ռուսաական «Գազպրոմ»-ն ու սերբական «Սերբիյագազ» պետական ընկերությունը 30 օրվա ընթացքում կհիմնեն համատեղ ընկերություն, որը զբաղվելու է «Հարավային հոսք» գազատարի սերբական հատվածի շինարարության նախագծման ու շահագործման հարցերով։ Այս մասին արձանագրությունը երկու երկրների նախագահների ներկայությամբ Բելգրադում ստորագրել են «Գազպրոմ»-ի ու «Սերբիյագազ»-ի ղեկավարները։ Համատեղ ձեռնարկությունում ռուսական հոլդինգի բաժնեմասը կկազմի 51 տոկոս։




























