ՀԱԿ-կոալիցիա բանակցությունները չպետք է կրկնեն նախկինում եղած փորձերի անհաջող սցենարը: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ի հետ բանակցող աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:

«Հույս ունենք, որ մեր քննարկումները կհանգեցնեն դրական, կառուցողական արդյունքի: Ստիպված եմ նշել, որ նախորդ անգամվա նման չլինի, երբ մենք մեր գործընկերներին առաջարկեցինք հիմնավորել իրենց առաջ քաշած փաստարկները եւ ուսումնասիրել առկա փաստերը, բայց մերժում ստացանք: Հույս ունեմ, որ այս անգամ մեր գործընկերները կփոխեն շփման ձեւը»,- հավելել է նա:

Գագիկ Մինասյանը երկխոսությունը փակ ձեւաչափով անցկացնելու ցանկություն հայտնեց: «Մեր օտարերկրյա գործընկերները զարմացել էին, որ մեզ մոտ նման բնույթի հանդիպումները հրապարակային են կազմակերպվում: Այդպիսի հանդիպումները պետք է աշխատանքային քննարկման բնույթ ունենան, այլ ոչ հրապարակային ելույթների, երբ ամեն մի արտահայոտթւոյւնը հասարակության սեփականությունն է դառնում: Պետք է ասեմ, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները այդ տեսակետը կիսում են»,- ասել է հանրապետական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի 4-ին: Երկխոսության օրակարգում ընդգրկված է նաեւ արտահերթ ընտրությունների հարցը: