Չինացի գիտնականները ավելի քան 40 քիմիական տարրեր են հայտնաբերել լուսնային հողի նմուշներում, որոնք Երկիր են բերվել անցյալ տարվա վերջին՝ «Չանյե-5» առաքելության կողմից: Փորձագետների կարծիքով, այս հայտնագործությունը կարեւոր չափանիշ է՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ունեցել լուսնի ձեւավորումն ու էվոլյուցիան, ինչպես նաեւ այն կնպաստի ապագայում լուսնային ռեսուրսների օպտիմալ յուրացմանը, հայտնում է Global Ttimes չինական թերթի կայքը։
Չինաստանի ատոմային էներգիայի ինստիտուտի (CIAE) հետազոտական խումբը, որը Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) կազմում է, նմուշներում որոշակի կոնցենտրացիաներ գտնելու համար օգտագործել է նեյտրոնային ակտիվացման անալիզը եւ պարզել է, որ լուսնային հողի քիմիական բաղադրությունը շատ տարբեր է նրանից, ինչ կարելի է գտնել Երկրի վրա: «Մենք միջուկային տեխնոլոգիան օգտագործեցինք նմուշներն ուսումնասիրելու համար՝ բացահայտելով ավելի քան 40 քիմիական տարրեր, այդ թվում՝ մակրոտարրեր եւ միկրոտարրեր»,- կատարված աշխատանքի մասին զեկուցել է CIAE-ի միջուկային ֆիզիկայի բաժնի ղեկավար Գո Բինը:
Մասնագետները նշում են, որ քանի որ լուսնային հողը չափազանց արժեքավոր է, նմուշների հետազոտման ոչ քայքայիչ տեխնոլոգիաները կարող են մեծապես բարձրացնել դրա օգտագործման արդյունավետությունը։ Մասնավորապես, նեյտրոնային ակտիվացման անալիզը, որը բարձր աստիճանի ճշգրիտ է, հնարավորություն է տալիս ոչ միայն որոշել, թե ինչ տարրերն են պարունակվում լուսնային ռեգոլիթում՝ առանց ուսումնասիրվող նմուշների մորֆոլոգիան խախտելու, այլ նաեւ բացահայտել այդ տարրերի բնորոշ կոնցենտրացիան։ «Օրինակ, մեկ տոննա լուսնային հողից մենք կարող ենք հանել ավելի քան 30 կգ տիտան, որի պարունակությունը Լուսնի վրա ավելի քան վեց անգամ գերազանցում է երկրային պայմաններում տիտանի միջին կոնցենտրացիան: Սա մեզ կարեւոր տեղեկություններ է տալիս Լուսնի ապագա հետազոտությունների եւ դրա ռեսուրսների յուրացման համար»,- ասում է Գոն:
Լուսնի նմուշների ուսումնասիրությունը ներկայումս կենտրոնացած է նաեւ դրանում ջրի եւ հելիում-3-ի որոնման վրա, որը հելիումի իզոտոպ է, եւ միջուկային սինթեզի համար շատ հեռանկարային վառելիքի տեսակ է: Երկրի վրա այն շատ քիչ է, բայց առատորեն հանդիպում է Լուսնի վրա, ինչը, թերեւս, կարող է զգալի նշանակություն ունենալ ապագայի տնտեսության համար։





























