Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքից դժգոհելու պատճառ դեռեւս չունի։ Այս մասին նա հայտարարեց հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Երկխոսության մեկնարկին երկու հարց էր դրվել. մեկը, որ իշխանության պատվիրակությունը լիազորված լինի Բաղրամյան 26-ի (նշված հասցեում տեղակայված է նախագահական նստավայրը՝ խմբ.) կողմից. իշխանությունը հայտարարեց, որ այդ պատվիրակությունը լիազորված է։ Երկրորդ, մենք դրել էինք արտահերթ ընտրությունների հարցը, որը եւս բանակցությունների օրակարգում է»,- երկխոսության ընթացքից դժգոհ չլինելու իր տեսակետը բացատրեց Փաշինյանը։
Նրա խոսքով, արտահերթ նախագահական ընտրություններ Հայաստանում տեղի են ունենալու կա’մ երկխոսության արդյունքում ձեռք բերված համաձայնության կա’մ համաժողովրդական ճնշման ներքո։
«Այսօր իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի ունեցող երկխոսությունն ինքնին գնահատում եմ որպես ժողովրդական ճնշման արդյունք, իսկ ՀԱԿ-ի պատվիրակությունը՝ Ազատության հրապարակի ժողովրդի պատվիրակություն։ Բայց եթե երկխոսությունն արդյունքներ չտա, այսինքն՝ մինչեւ հոկտեմբեր Հայաստանում արտահրեթ նախագահական ընտրութնուններ չանցկացվեն, ջրբաժան կլինի եւ ՀԱԿ-ը կհամարի, որ երկխոսության գործընթացում անելիք չունի»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց «Հայկական ժամանակի» այսօրվա խմբագրականում արտահայտած իր այն միտքը, որ եթե իշխանությունները չհեռանան, ՀԱԿ-ն իշխանությունը կվերցնի գրոհով, իրատեսական է դառնում` մանավանդ քաղաքացիական ակտիվության ֆոնին։ «Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, կբացվեն ե՛ւ նախագահականի, ե՛ւ խորհրդարանի դռները։ Իսկ Հայաստանում իշխանափոխությանը կողմ է բնակչության մոտ 95 տոկոսը։ ՀԱԿ-ի խնդիրն այս զանգվածին Ազատության հրապարակում հավաքելն է։ ՀԱԿ-ի զենքը ժողովրդի վստահությունն է։ Ժողովրդի դեմ խաղ չկա, եւ եթե ժողովուրդը չընկրկի, մենք պատրաստ ենք կատարել նրա ցանկացած պատվերը»։
Նշենք, որ թերթի խմբագրականում Փաշինյանն այսօր գրել է, որ եթե իշխանություններն արտահերթ նախագահական ընտրություններ չանցկացնեն, ՀԱԿ-ն իշխանությունը կվերցնի գրոհով։




























