Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարները, որոնք ՕՊԵԿ+-ի առանցքային անդամներն են, հայտարարել են, որ կազմակերպությունը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, հաղորդում է Reuters-ը։
Հարցին, թե արդյոք ՕՊԵԿ+-ը «բարոյական պատասխանատվություն է կրում Ռուսաստանին դուրս մղելու համար», Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանն ասել է, որ ՕՊԵԿ-ի հանդիպումների ժամանակ քաղաքականությունը «մնում է դռներից դուրս»: «Եթե մենք դա չանեինք, տարբեր ժամանակներում այդքան շատ երկրների հետ գործ չէինք ունենա: Ինչ-որ պահի դա կարող էր լինել Իրաքի, Իրանի հետ»,- ասել է նա։
ՕՊԵԿ+-ն էլ ավելի մեծ ճնշման է ենթարկվում՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը՝ ՕՊԵԿ+ խմբի խոշորագույն արտադրողը, փետրվարի 24-ին հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, եւ արեւմտյան երկրները պատասխանեցին պատժամիջոցներով, ինչն էլ հանգեցրեց ռուսական նավթի արտահանման սահմանափակմանը։
Ե՛վ արքայազն Աբդուլազիզը, եւ՛ ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ Մազրուին ասել են, որ ուշադրությունը կենտրոնացված է հում նավթի շուկաների հավասարակշռման եւ սպառողների կարիքների բավարարման վրա: «Մենք ունենք միայն մեկ առաքելություն, որն է շուկայի կայունացումը։ Ուստի մենք չենք կարող քաղաքականացնել կազմակերպությունը․․․մեր նպատակը շուկան հանգստացնելն է»,- ասել է Մազրուին:
Արքայազն Աբդուլազիզն ասել է, որ Ռուսաստանն արտադրում է աշխարհում սպառվող նավթի մոտ 10 տոկոսը։
Եթե նավթի մատակարարումների անվտանգությունը վտանգի ենթարկվի, կտուժի համաշխարհային տնտեսությունը։ «Այդ անվտանգությունն այժմ առաջնահերթություն է, եւ որոշ երկրներ մոռանում են էներգիայի հասանելիության մասին։ Մեզ համար ԱՄՆ-ն շատ կարեւոր գործընկեր է։ ՕՊԵԿ-ը պետք է պրագմատիկ լինի: Մեզ պետք է, որ նրանք հասկանանք, որ այն ինչ մենք անում ենք, օգուտ է ԱՄՆ-ին եւ ամբողջ աշխարհին»,- ասել է Մազրուին։





























