ԱՄՆ-ն կպաշտպանի իր տնտեսական շահերը Չինաստանի տնտեսական քաղաքականության բացասական ազդեցությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը, հաղորդում է Reuters-ը։

Թայը Ներկայացուցիչների պալատի ուղիների եւ միջոցների հանձնաժողովին հայտնել է, որ Վաշինգտոնի բանակցությունները Պեկինի հետ «չափազանց բարդ» էին, եւ անհրաժեշտ են նոր գործիքներ: 

«Հետագայում մեր ռազմավարությունը դուրս կգա Չինաստանի վրա պարզապես ճնշում գործադրելուց եւ կներառի մեր արժեքների եւ տնտեսական շահերի վճռորոշ պաշտպանություն Չինաստանի տնտեսական քաղաքականության եւ վարվելակերպի բացասական ազդեցությունից»,- ասել է նա։

Թայն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ ընդունի օրենք նորարարության ներդրումների, ԱՄՆ մատակարարման շղթաների վերադարձի մասին։ «Սա ծրագիր է, որին մենք պետք է հավատարիմ մնանք ապագայում»,- հավելել է նա։