Նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ում բենզինի գների աճը ուղղակիորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է կապել՝ բազմիցս այն «գների պուտինյան բարձրացում» անվանելով, հաղորդում է CNN-ը։
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ում բենզինի գինը միջինը կազմում է մոտ 4,20 դոլար կամ 4,22 դոլար մեկ գալոնի դիմաց՝ տարեսկզբի 3,30 դոլարի համեմատ:
«Սրա պատճառը պուտինյան պատերազմն է։ Այժմ աշխարհում շատերն այլեւս ռուսական նավթ չեն գնում։ Ես արգելել եմ ռուսական նավթի ներկրումը։ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են արել եւ աջակցել են դրան: Դա ճիշտ է։ Բայց ես այն ժամանակ ասել եմ, որ դա թանկ կարժենա։ Քանի որ ռուսական նավթը հեռանում է համաշխարհային շուկայից, առաջարկը նվազում է, եւ գներն աճում են։ Հիմա Պուտինի կողմից գների բարձրացումը հարվածում է ամերիկացիներին»,- ասել է Բայդենը: «Մեր գները Պուտինի գործողությունների պատճառով են բարձրանում։ Առաջարկը բավարար չէ: Եվ բանն այն է, որ եթե մենք ցանկանում ենք իջեցնել բենզինի գները, մենք պետք է ավելացնենք նավթի առաջարկը հենց հիմա»,- հավելել է նա:
Բայդենն ասել է, որ ամբողջ աշխարհում դաշնակիցների եւ գործընկերների հետ համաձայնեցնում է նավթի թողարկումը: «Մենք արդեն ունենք լրացուցիչ տասնյակ միլիոնավոր բարելներ շուկա հանելու այլ երկրների պարտավորությունները: Միասին մեր համատեղ ջանքերը կապահովեն օրական ավելի քան մեկ միլիոն բարել»,- ասել է նա։ «Ազգերը միավորվում են, որպեսզի Պուտինին զրկեն իր էներգետիկ ռեսուրսները ամերիկյան ընտանիքների, ամբողջ աշխարհի ընտանիքների ու ժողովրդավարությունների դեմ որպես զենք օգտագործելու հնարավորությունից»:
Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ռազմավարական պաշարներից պատմության մեջ նավթի ամենամեծ թողարկման պլանների մասին:
Առաջիկա վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ը օրական միջինը 1 մլն բարել կթողարկի՝ ընդհանուր արդյունահանումը հասցնելով մոտ 180 մլն բարելի։





























