Ուկրաինայի կողմից Ռուսաստանին Բուչա քաղաքում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների մեջ մեղադրելը սադրանք է, որի նպատակն է սրել հակամարտությունը եւ խանգարել խաղաղ բանակցություններին, ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիեւի ռեժիմի հերթական հանցագործության իմաստը խաղաղ բանակցությունների խափանումն ու բռնության սաստկացումն է»,- կիրակի՝ ապրիլի 3-ին գրել է նա Telegram-ալիքում։

«Այս հանգստյան օրերին ուկրաինական կողմը սկսել է տեղեկություններ տարածել Բուչայի խաղաղ բնակիչների շրջանում իբր մեծ թվով զոհերի մասին։ Լուսանկարների եւ տեսանյութերի բեմադրված լինելուն անմիջապես ուշադրություն են դարձրել Ցանցի օգտատերերը։ Հատկանշական է, որ ուկրաինական հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութում խաղաղ բնակիչների մարմիններն ընկած են անվնաս տների կողքին։

Ի պատասխան Բուչայում մեծ թվով խաղաղ բնակիչների իբր սպանության տեսանյութերի հրապարակման՝ ամերիկացի լրագրող Մայքլ Թրեյսին ենթադրել է, որ այդ կերպ Կիեւը փորձում է Վաշինգտոնին մարտական գործողությունների դրդել»,- գրել է «Իզվեստիա»-ն։

«Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի վերացման գծով նախկին տեսուչ Ուիլյամ Սքոթ Ռիթեր-կրտսերն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է բուժզննման տվյալներ ներկայացնեն Բուչայի իրադարձությունների մասին։ Փորձագետը փաստել է, որ գիտականորեն ապացուցված այդ բոլոր նյութերի հրապարակումից հետո կարելի կլինի արդեն խոսել այս կամ այն կողմի մեղավորության մասին։

ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ խաղաղ բնակիչները չեն տուժել ուկրաինական Բուչա քաղաքում՝ ՌԴ-ի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելիս, իսկ ԱՄՆ-ում լռության են մատնում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բուչա քաղաքի հրետակոծումը ռուսական զորքերի դուրս գալուց հետո։ Նա ակնհայտ է համարել այն, որ «Կիեւի ռեժիմը փորձել է իր չարագործությունների մեղքը բարդել Ռուսաստանի վրա»։

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նիստ գումարելու կոչով, Բուչայում ուկրաինացի արմատականների սադրանքի առնչությամբ։

Իր հերթին, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիեւի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը Բուչայում ՌԴ ԶՈւ-ի իբր հանցագործությունների մասին սադրանք են։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուսաստանցի զինվորականները քաղաքից հեռացել են դեռեւս մարտի 30-ին, իսկ Բուչայում հանցագործությունների վկայությունները հայտնվել են նրանց հեռանալուց հետո չորրորդ օրը, երբ քաղաք են մտել ՈւԱԾ-ի աշխատակիցներն ու ուկլրաինական հեռուստատեսության ներկայացուցիչները։

Մինչդեռ, Ուկրաինայի ոստիկանությունը դեռեւս ապրիլի 2-ին տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ուժայինները Բուչայում «զտում» են իրականացրել սպանված խաղաղ բնակիչների տեսանյութի հայտնվելուց մեկ օր առաջ։ Նրանք նշել են, որ իրականացվել է «մաքրում» դիվերսանտներից եւ ռուս զինվորականների հետ համագործակցողներից։