Չինաստանը մտադիր չէ որեւէ հատուկ քայլ ձեռնարկել Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վան Լուտունը, հաղորդում է Интерфакс-ը։

«Մենք հատուկ ոչինչ չենք անի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է նա ՉԺՀ-ԵՄ գագաթաժողովին նվիրված ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Եվրոպան շարունակում է առեւտուրը Ռուսաստանի հետ, ուստի պատժամիջոցները չպետք է տարածվեն Մոսկվայի հետ Չինաստանի սովորական առեւտրային հարաբերությունների վրա։

Դիվանագետը հիշեցրել է, որ Չինաստանը հակամարտության կողմ չէ, իր ներդրումն ունի համաշխարհային առեւտրի զարգացմանը եւ հետեւողականորեն դեմ է հանդես գալիս պատժամիջոցների կիրառմանը։