Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրումն աստիճանաբար կրճատելու Գերմանիայի ջանքերը «թուլացնում են» նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գերմանիան կաջակցի Ռուսաստանի դեմ էներգետիկ էմբարգոյին Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

«Մենք ամեն օր աշխատում ենք էմբարգոյի համար նախադրյալներ եւ քայլեր ստեղծելու ուղղությամբ, եւ դա, ըստ իս, ճիշտ ճանապարհ է, որն ամեն օր վնասում է Պուտինին»,- ասել է Հաբեքը՝ հավելելով, որ Գերմանիան տքնաջան աշխատում է ռուսական նավթից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Նշենք, որ ապրիլի 3-ին Ուկրաինայի Բուչա քաղաքից տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են փողոցներում ընկած դիեր։ Կադրերը հրապարակել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Reuters-ը եւ AFP-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիեւի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։