Երկու պատվիրակություններ, որտեղ ներգրավված են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներ, մեկնում են Բաքու նպատակ ունենալով ցրելու այն բացասական պատկերացումները, որոնք առաջացել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:
Թուրքիայի խորհրդարանի Արտաքին կապերի գծով հանձնաժողովի անդամները պաշտոնական այցելությամբ Բաքվում կլինեն հոկտեմբերի 25-28-ը` Ադրբեջանի Միլի մեջլիսի հրավերով: Պատվիրակության կազմում ընդգրկվել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները: Իսկ ահա ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամները, որոնք դեմ են կառավարության քաղաքականությանն ու հայ-թուրքական արձանագրություններին, հրաժարվել են ընդգրկվել պատվիրակության կազմում: Այս այցելությունից անմիջապես հետո տեղի կունենա եւս մեկ այցելություն: Այս անգամ Բաքու կժամանեն Ադրբեջան-Թուրքիա բարեկամության խմբի անդամները:




























