ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է 2022թ․ սննդամթերքի գների իր կանխատեսումը։ Պարզվել է, որ մի շարք մթերքներ՝ քաղցրեղենից մինչեւ մրգեր, ամենայն հավանականությամբ, կթանկանան։

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սննդամթերքի գները 2022թ․ փետրվարին 7,9 տոկոսով ավելի բարձր են եղել, քան 2021թ․ փետրվարին։ Որպես գների բարձրացման հիմնական պատճառ գերատեսչությունը նշել է Ուկրաինայի հակամարտությունը։

ԱՄՆ-ը միակ երկիրը չէ, որ զգում է մատակարարման շղթայի խափանումների հետեւանքները։ Պարենի համաշխարհային ծրագիրը պարզել է, որ Մերձավոր Արեւելքի երկրները մեծապես կախված են Ուկրաինայից ցորենից, ընդ որում՝ Լիբանանն իր ցորենի 60 տոկոսը ներկրում է այդ երկրից: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի սննդի մատակարարման շղթան «փլուզվում է», եւ դրա ազդեցությունը կզգացվի ամբողջ աշխարհում։

ՄԱԿ-ի հոդվածում ասվում է, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում «պարենամթերքով մատակարարումը եւ պարենային անվտանգությունը լրջորեն վտանգված կլինեն, եթե փոքր քայլեր չձեռնարկվեն կլիմայի փոփոխության եւ կլիմայի փոփոխության նկատմամբ սննդի համակարգի խոցելիության խնդիրները լուծելու համար»։ Եղանակային անկանխատեսելի պայմանները կարող են վնասել սննդի արտադրությանը, ինչպես երեւում է ձկների եւ ծովախեցգետնի արտադրության օրինակով, երբ օվկիանոսի ջերմաստիճանը բարձրանում է, եւ կլիմայի խորհրդատուները շեշտում են ածխածնի արտանետումները նվազեցնելու ու մաքուր էներգիային անցնելու կարեւորությունը, քանի դեռ շատ ուշ չէ:

Մատակարարումների շղթաների խափանումների եւ կլիմայի փոփոխության պատճառով այս տարի կթանկանան.

Ճարպերն ու ձեթերը՝ 6-7 տոկոսով

Թարմ մրգերը՝ 5-6 տոկոսով

Թարմ բանջարեղենը՝ 1-2 տոկոսով

Շաքարն ու քաղցրավենիքը՝ 3-4 տոկոսով

Ձավարեղենն ու հացաբուլկեղենը՝ 3-4 տոկոսով

Զովացուցիչ ըմպելիքները՝ 3,5-4,5 տոկոսով։